Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ զոհված պատանդների մարմինները պաղեստինցի հարյուրավոր գերիների ազատ արձակման դիմաց փոխանակելու հարցում։ Այս քայլը թույլ կտա առնվազն ևս մի քանի օր պահպանել ներկայիս փխրուն հրադադարը. գրում է APnews-ը։
Իսրայելը շաբաթ օրը հետաձգել էր 600 պաղեստինցի գերիների ազատումը՝ բողոքելով ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատման ընթացքում, Իսրայելի պնդմամբ, դաժան վերաբերմունքի դեմ։ ՀԱՄԱՍ-ն այդ հետաձգումը որակել էր որպես «լուրջ խախտում» և հայտարարել, որ երկրորդ փուլի շուրջ բանակցությունները անհնար են, քանի դեռ գերիներն ազատ չեն արձակվել։
Այժմ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ է բացում ևս չորս զոհված պատանդների մարմինների վերադարձի և հաշտության շրջանակներում նախատեսված հարյուրավոր այլ գերիների ազատման համար։