Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներողությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՌԴ՝ Ուկրաինա ներխուժումը դատապարտող բանաձևին Սերբիայի աջակցության համար։
«Մենք, անշուշտ, լսեցինք դա և ընդունեցինք: Տեխնիկական վրիպակներ պատահում են: Եվ, անշուշտ, պետության ղեկավարի կողմից նման արագ արձագանքը մեզ համար շատ դրական է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, տեղական լրատվամիջոցների կողմից հրապարակված մեջբերումների համաձայն, Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել ոչ թե Ռուսաստանից, այլ իր երկրի քաղաքացիներից։
«Կարծում եմ, որ Սերբիան այսօր սխալվել է։ Ես ներողություն եմ խնդրում Սերբիայի քաղաքացիներից դրա համար և պատասխանատվությունն իմ վրա եմ վերցնում», - ասել է նա։