ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի խնդրին և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։
Դոնալդ Թրամփի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի հարցում Դոնալդ Թրամփն, ի տարբերություն եվրոպական առաջնորդների, ավելի ազատ է գործելու։
«Նա ոչ միայն ասում է այն, ինչ մտածում է, այլև անում է այն, ինչ ցանկանում է։ Դա մեծ և հզոր պետության ղեկավարի առավելություն է»,- ասել է Պուտինը։
Ուկրաինայում կարգավորման մասին
Ըստ Պուտինի՝ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակը բարելավելու փորձերն ավելի շատ օգուտ կբերեն հենց Կիևին, քան Մոսկվային։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի պետականության պահպանմանը, սակայն պնդում է, որ նրա տարածքը չպետք է օգտագործվի որպես իր դեմ թշնամական հենակետ։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ խաղաղություն հաստատել, բայց Զելենսկին խոչընդոտում է դրան»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված էր, որ Զելենսկին շարունակի պաշտոնավարել և «քայքայի այն ռեժիմը, որի հետ մենք զինված հակամարտության մեջ ենք»։ Սակայն Ուկրաինայի պետականության ամրապնդման տեսանկյունից, ըստ Պուտինի, անհրաժեշտ են ակտիվ գործողություններ՝ իշխանության բերելու համար մարդկանց, որոնք վայելում են ուկրաինացի ժողովրդի վստահությունը։
Վլադիմիր Զելենսկու մասին
Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին ինքն իրեն փակուղի է մտցրել՝ արգելելով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Նրա կարծիքով՝ Զելենսկին խուսափում է խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, քանի որ ռազմական դրությունը չեղարկելու դեպքում ստիպված կլինի ընտրություններ անցկացնել։
«Ռուսաստանի տվյալներով՝ Զելենսկու վարկանիշը երկու անգամ ցածր է Վալերի Զալուժնուից։ Նրա՝ ընտրություններում հաղթելու հնարավորությունները զրոյական են»,- ասել է Պուտինը։
Նա Զելենսկուն անվանել է «թունավոր կերպար», նշելով, որ նա քայքայում է բանակը, հասարակությունը և պետությունը։
«Նա տալիս է անհեթեթ հրամաններ, որոնք պայմանավորված են ոչ թե ռազմական, այլ քաղաքական նկատառումներով։ Դա հանգեցնում է ուկրաինական բանակի համար անիմաստ և աղետալի կորուստների»,- հավելել է Պուտինը։
Եվրոպայի հետ հարաբերությունների մասին
Պուտինը նշել է, որ Եվրոպայի արձագանքը Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներին «զգացմունքային է և զուրկ գործնական իմաստից»։
«Եվրոպան իրավունք չունի որևէ բան պահանջել Ռուսաստանից։ Թող իրենց պահանջներն իրենց համար պահեն ու մտածեն, թե ինչպես են հասել այս վիճակին»,- ասել է նա՝ հեգնելով, որ եվրոպացիները դարերով պահանջներ են ներկայացրել իրենց վասալներին, իսկ այժմ իրենցից են պահանջում։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին պահանջված է։
«Եթե նրանք հրաժարվել են բանակցություններից, բայց հետո ցանկանան վերադառնալ՝ խնդրեմ։ Սակայն որոշ եվրոպացի առաջնորդների համար դժվար է հաշտվել Կիևին տված խոստումներից հրաժարվելու հետ՝ առանց հեղինակությունը կորցնելու»,- նշել է Պուտինը։
Զենքի մասին
Պուտինը դրական է գնահատել Թրամփի՝ պաշտպանական ծախսերը կրճատելու առաջարկը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են պայմանավորվել՝ ռազմական ծախսերը 50%-ով կրճատելու շուրջ։
«Չինաստանը նույնպես կարող է միանալ այս նախաձեռնությանը»,- հավելել է նա։