Վրաստանի արևմտյան շրջաններում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Մի քանի օր շարունակվող առատ ձյան պատճառով Գուրիայի և Աջարիայի ամբողջական գյուղեր մեկուսացվել են։ Մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրներ են առաջացել։ Հաղորդագրություններ են տարածվում, որ շատ տեղերում մարդկանց հասանելի չեն սնունդը, ջուրը կամ դեղորայքը:
Հատուկ ծառայություններն ու տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում են արտակարգ ռեժիմով։
Միայն Լանչխութիի մունիցիպալիտետում ավերվել է 40 տուն, հայտնում է քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը կազմակերպում է մարդկանց տարհանումը, սակայն ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում, քանի որ ճանապարհներն անանցանելի են։
Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնչկատի գյուղում տղամարդ է զոհվել, երբ փորձել է օգնել հարևանին՝ մաքրել տան տանիքի ձյունը։
Առատ ձյան պատճառով փլուզվել է Բաթումի օդանավակայանի հովանոցը։ Ավերվել է պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի մի մասը։