Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է դուրս գալ երկու երկրների առճակատման շրջանակներից և հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի, սակայն Միացյալ Նահանգները թույլ չի տա նման սցենար, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա կհանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի, եթե լուծում չտրվի: Կգա մի պահ, երբ ամեն ինչ կանգ չի առնի միայն այս երկու երկրներում: Բազմաթիվ այլ պետություններ արդեն ներգրավված են հակամարտության մեջ… Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չի օգնել»՝ միաժամանակ պնդելով, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կայցելի Օվալաձև աշխատասենյակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքների մի մասը, սակայն Կիևից հնարավոր զիջումների մասին հարցին հստակ պատասխան չի տվել. «Կտեսնենք»։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում։