Միջազգային

Կալիֆորնիան 40 միլիարդ դոլարի օգնություն է խնդրում Կոնգրեսից․ WP

Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով մոտ 40 միլիարդ դոլարի չափով դաշնային ֆինանսավորում՝ նահանգում վերջերս տեղի ունեցած բնական աղետների հետևանքները վերացնելու համար։ Այս միջոցները կօգնեն Լոս Անջելեսին վերականգնվել անցյալ ամիս տեղի ունեցած ավերիչ անտառային հրդեհներից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով X սոցիալական ցանցում Նյուսոմի հրապարակած նամակին։

«Լոս Անջելեսի ավերիչ հրդեհներից վերականգնվելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։ Ես Կոնգրեսին խնդրում եմ աջակցել ամերիկացի ժողովրդին և միջոցներ հատկացնել բնական աղետների հետևանքների վերացման համար։ Տարիներ կպահանջվեն Կալիֆորնիայի տնտեսության վրա դրանց ունեցած ընդհանուր ազդեցությունը լիովին գնահատելու համար», - գրել է Նյուսոմը Կոնգրեսի ղեկավարներին ուղղված իր նամակում։

Նյուսոմը նշել է նաև, որ ապագայում Կալիֆորնիային գուցե ավելի շատ միջոցներ պահանջվեն, սակայն ներկայումս պահանջվող գումարը «ուղղակիորեն կուղղվի ինչպես անհապաղ, այնպես էլ երկարաժամկետ վերականգնողական աշխատանքներին»։

Համաձայն հրապարակման՝ հարցվող ֆինանսավորման մեծ մասը՝ 16,8 միլիարդ դոլար, նախատեսված է հրդեհների հետևանքների վերացման, աղբահանության, ինչպես նաև ճանապարհների, կամուրջների, հասարակական շենքերի և ինժեներական ենթակառուցքների վերանորոգման ծախսերը հոգալու համար։ Նահանգապետը լրացուցիչ 9,9 միլիարդ դոլար է խնդրել բնակարանային ֆոնդի և ենթակառուցքների վերականգնման համար։