Միջազգային

Պերուում սննդի կետի տանիքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել

Պերուում վեց մարդ զոհվել է, ավելի քան 70-ը՝ վիրավորվել Տրուխիլո քաղաքի Real Plaza առևտրի կենտրոնի սննդի կետի տանիքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է El Comercio-ն։

11 երեխա ծայրահեղ ծանր վիճակում է։ Միջադեպը տեղի է ունեցել համալիրի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ կինոթատրոնների հարևանությամբ, որտեղ այդ պահին բազմաթիվ այցելուներ են եղել, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքներ։

Փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում, նշվում է, որ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել:

Մասնագետների կարծիքով՝ տանիքի փլուզումը կարող էր տեղի ունենալ անձրևաջրերի կուտակման պատճառով։

Փորձագետը ենթադրել է, որ ֆուդ-կորտի տանիքի փլուզման պատճառը կարող էր լինել առևտրի կենտրոնի ջրահեռացման համակարգերի խցանվածությունը, որը պետք է կանխեր տանիքի վրա ջրի ավելորդ ճնշումը։ 

Real Plaza-ի ադմինիստրացիան ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը ցանցի բոլոր առևտրի կենտրոններում։ Տեղի իշխանությունները փետրվարի 22-ին և 23-ին սուգ են հայտարարել։ Դատախազությունը միջադեպի պատճառների հետաքննություն է սկսել։