Միջազգային

ԱՄԷ-ն և ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումը

Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միություն երկու-երեք ամսից համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին, հայտնում է ТАСС գործակալությունը։

«Անցյալ տարի մեկ այլ կարևոր իրադարձություն էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումը, որի անդամ է Ռուսաստանը: Այս համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը երկու-երեք ամսից»,- ասել է նա Աբու Դաբիում Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից կազմակերպված Made in Russia տոնավաճառի բացմանը:

Պետնախարարը նաև նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 3,5 միլիարդ դոլարից հասել է 10 միլիարդ դոլարի։ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։ Այս ընթացքում կողմերը խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել։

Ինչպես հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի սակագների ազատականացման, մաքսային և արդյունաբերական համագործակցության, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության, առևտրի պաշտպանության միջոցառումները։