Միացյալ Նահանգները դեմ է G7-ի հայտարարության մեջ Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմի համար ագրեսոր անվանելուն. գրում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հայտարարությունը մշակվել է պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թրամփն ավելի վաղ պատերազմը սկսելու մեջ մեղադրել էր Ուկրաինային, և դիրքորոշումը պայմանավորում է դրանով։
G7-ի մի երկրի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Կանադան առաջին նախագիծը տարածել է մյուս վեց անդամ երկրներին: Այդ տարբերակը, ըստ պաշտոնյայի, պարունակում էր պրոուկրաինական ձևակերպումներ։
Սակայն ԱՄՆ-ն վերանայել է նախագիծը և հեռացրել է բոլոր հղումները, որոնք կարող էին մեկնաբանվել որպես Ուկրաինային պաշտպանություն։ Արդյունքում ստացվել է չեզոք նախագիծ, որտեղ Ռուսաստանը չի նշվում որպես հակամարտության ագրեսոր, իսկ Ուկրաինան՝ որպես ներխուժման զոհ. գրում է պարբերականը։
Դիվանագետները շարունակում են աշխատել նախագծի բառակապակցությունների վրա: Ներկայումս այն նկարագրվում է որպես «ավերիչ պատերազմ, որը սկսվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ», սակայն չի օգտագործվում «ռուսական ագրեսիա» կամ «ագրեսորներ» բառերը, որոնք G7-ի հայտարարություններում օգտագործվել են 2022 թվականից ի վեր: