Միջազգային

«Համոզում եմ Թրամփի թիմին՝ միջամտել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին». Բրայզա

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Vesti.az-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա նախագահ Թրամփի վարչակազմի ազդեցության մասին։

Բրայզան հայտնել է, որ փորձում է համոզել Թրամփի թիմին՝ ներգրավվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

«Ես ձգտում եմ համոզել Թրամփին և նրա թիմին, որ միջամտեն այս հարցին, վերականգնեն Ամերիկայի դիվանագիտական դերն այս կարգավորման գործում: Եթե Թրամփը ցանկանում է լինել խաղաղություն ստեղծող, սա նրա համար հիանալի հնարավորություն է»,- ասել է նա։

Բրայզայի խոսքով՝ կողմերը մոտ են խաղաղությանը. «Մենք գիտենք, որ երկու կողմն էլ մոտ է համաձայնությանը, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ, որ Թրամփը կցանկանա իր ներդրումն ունենալ: Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա և առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությանը»,- ընդգծել է նա։