Այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, Կիև է ժամանել ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը:
Նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն է ներկայացրել մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ստանալու է ուկրաինական օգտակար հանածոների կեսի սեփականության իրավունքը:
Այս մասին NBC News պարբերականին հայտնել են ամերիկացի քաջատեղյակ պաշտոնյաներ։
Նշվում է, որ Զելենսկին պահանջել է, որ Բեսենթն իրեն ժամանակ տա փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ 1 ժամ ժամանակ ունի այն ստորագրելու համար, այլապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ առաջիկա հանդիպումները չեղյալ կհայտարարվեն:
Աղբյուրների խոսքով՝ Բեսենթը Զելենսկուն բացատրել է, որ Թրամփի վարչակազմի հետ հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության կառուցման կարևորագույն բաղադրիչն է: Նա Ուկրաինայի նախագահին հավաստիացրել է, որ դա կնպաստի պատերազմի ավարտից հետո Կիևի անվտանգության երաշխիքներին:
Պարբերականը նշել է, որ Զելենսկին հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը։ Այդ պատճառով Ուկրաինայի նախագահի թիմին հայտնել են, որ Վենսի և Ռուբիոյի հետ հանդիպումները հետաձգվում են, բայց ավելի ուշ դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: