Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ջանքեր են գործադրում՝ ստեղծելու եվրոպական «երաշխիքային ուժ», որի նպատակն է կանխել Ուկրաինայի վրա հնարավոր ռուսական հարձակումները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր կնքվելու դեպքում. գրում է The Guardian-ը։
Արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ, այս ուժի կազմը չի գերազանցի 30,000 զինծառայողը և հիմնականում կկենտրոնանա օդային ու ծովային պաշտպանության վրա։ Ցամաքային ստորաբաժանումները սահմանափակ կլինեն և չեն տեղակայվի Ուկրաինայի արևելքում՝ ռազմաճակատի գծին մոտ։
Հիմնական նպատակներից են Ուկրաինայի օդային տարածքի անվտանգ վերաբացումը քաղաքացիական ավիահաղորդակցության համար, ինչպես նաև Սև ծովում առևտրային նավագնացության ապահովումը, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի սննդամթերքի և հացահատիկի արտահանման համար։
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթ այցելելու են Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփին համոզելու, որ ԱՄՆ-ն աջակցի այս ծրագրին՝ ապահովելու համար, որ եվրոպական «երաշխիքային ուժը» ապագայում չհանդիպի ռուսական դիմադրության։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հայտարարել է, որ կտրականապես դեմ է, որպեսզի ՆԱՏՕ-ի որևէ երկիր զորք տեղակայի Ուկրաինայում պատերազմից հետո։