Միջազգային

«Սա մեր նպատակն է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հույսը պրագմատիզմի և «կառուցողական» մոտեցման վրա է։

«Մենք ամուր կանգնած ենք մեր սեփական ոտքերի վրա։ Հույս ունեմ ուկրաինական միասնության, մեր քաջության, Եվրոպայի համախմբվածության և Ամերիկայի պրագմատիզմի վրա, քանի որ Ամերիկային հաջողությունն անհրաժեշտ է նույնքան, որքան մեզ»,- ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Նա հայտնել է, որ հինգշաբթի հանդիպելու է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի՝ Քիթ Քելլոգի հետ և ընդգծել, որ «մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի այս հանդիպումը և Ամերիկայի հետ համագործակցությունը լինեն կառուցողական»։

«Ամերիկայի և Եվրոպայի հետ աշխարհը կարող է լինել ավելի անվտանգ, և սա մեր նպատակն է։ Հաջողությունը միավորում է մեզ։ Մեր միասնությունը մեր ապագայի ամենահուսալի պաշտպանությունն է. ապագա՝ առանց Պուտինի, բայց՝ խաղաղությամբ»,- ասել է նա։

Զելենսկին այս հայտարարություններն արել է այն բանից հետո, երբ այս շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններ։