Միջազգային

Սիրիայում վերականգնվում են մշակութային ժառանգության օբյեկտները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սիրիայում վերականգնվում են մշակութային ժառանգության օբյեկտները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փորձագետները վերադառնում են պատերազմի հետևանքով ավերված Սիրիայի մշակութային ժառանգության վայրեր՝ հույս ունենալով սկսել դրանց վերականգնումը. գրում է Associated Press-ը։ Դա կարող է կարևոր խթան հանդիսանալ երկրի՝ գրեթե 14 տարվա պատերազմից հետո ավերված տնտեսության համար:

Երբեմնի ծաղկուն տեսարժան վայրերը՝ հնագույն Պալմիրա քաղաքը և Crac des Chevaliers միջնադարյան ամրոցը դեռևս ավերված են: Չնայած դրան, տեղացի զբոսաշրջիկները վերադառնում են այդ վայրեր։ Սիրիայում հույս ունեն, որ իրենց պատմամշակութային նշանակությունն, ի վերջո, կգրավի օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Պալմիրա

Պալմիրան՝ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկը, ժամանակին եղել է հին Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը, որը կապում էր հռոմեական և պարթևական կայսրությունները Ասիայի հետ: Գտնվելով Սիրիական անապատում՝ այն հայտնի է իր 2000 տարվա հռոմեական դարաշրջանի ավերակներով։ Ներկայումս այստեղ պահպանվել են ավերված սյուներ և տաճարներ։ Մինչ 2011թ․ սիրիական ապստամբությունը Պալմիրան Սիրիայի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն էր և ամսական ներգրավում էր շուրջ 150․000 այցելու։ «Անապատի հարսնացու» Պալմիրան կենդանացրել է տափաստանը և ժամանակին եղել է համաշխարհային զբոսաշրջային կենտրոն:

Ավելի ուշ ժամանակներում այստեղ էր գտնվում Թադմուր բանտը, որտեղ, ըստ տեղեկությունների, կտտանքների են ենթարկվել Սիրիայում Ասադների ընտանիքի կառավարման հազարավոր հակառակորդներ: Քաղաքը գրավելուց հետո «Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացրել է բանտը։ Ավելի ուշ ԻՊ-ի զինյալները ոչնչացրին Պալմիրայում գտնվող Բել և Բաալշամին պատմական տաճարներն ու հաղթակամարը՝ դրանք համարելով կռապաշտության հուշարձաններ։ 2015-17թթ. Պալմիրայի վերահսկողությունը ԻՊ-ից անցավ սիրիական բանակին:

NABU-ի հետազոտողը Պալմիրա է այցելել նախորդ կառավարության անկումից հինգ օր անց:

«Դամբարաններում լայնածավալ պեղումներ են արվել», - ասել է նա՝ նշելով զգալի ավերածությունները, որոնք կատարվել են ինչպես ԻՊ-ի, այնպես էլ Ասադի կառավարական զորքերի կողմից: «Պալմիրայի թանգարանն անմխիթար վիճակում էր, անհետացել են փաստաթղթեր։ Մենք գաղափար չունենք, թե ինչ է պատահել նրանց հետ»:

Crac des Chevaliers

Միջնադարյան Crac des Chevaliers ամրոցը, որն ի սկզբանե կառուցել են հռոմեացիները, ապա՝ ընդլայնել խաչակիրները, ուժգին ռմբակոծվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Վերջերս զինված գրոհայինները տեղացի զբոսաշրջիկների հետ շրջում էին ամրոցի տարածքում՝ սելֆի անելով ավերակների մեջ։

Crac des Chevaliers-ի ճարտարապետ Հազեմ Հաննան մատնանշել է սյուներն ու մուտքի սանդուղքը, որոնք ավերվել էին օդային հարվածներից: «Հենվելով Սիրիայի պատմական վայրերի մշակութային ֆոնի և դրանց հնագիտական և պատմական նշանակության վրա՝ ես ակնկալում եմ, որ երբ զբոսաշրջիկները հնարավորություն ունենան այցելել Սիրիա, մենք ականատես կլինենք զբոսաշրջության զգալի վերածննդի», - ասել է նա:

Հաննայի խոսքով՝ Crac des Chevaliers-ի որոշ հատվածներ վերականգնվել են ավիահարվածներից և 2023թ. 7,8 մագնիտուդով մահաբեր երկրաշարժից հետո, որն ավերեց հարևան Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի հսկայական տարածքներ: Այնուամենայնիվ, ամրոցի մեծ մասը դեռ ավերակների մեջ է։ NABU-ի հետազոտողը և Հաննան կարծում են, որ վերականգնումը որոշ ժամանակ կպահանջի: «Մեզ անհրաժեշտ են պատրաստված տեխնիկական թիմեր՝ ավերակների ներկայիս վիճակը գնահատելու համար»։

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական