Միջազգային

Ցզինպինը հանդիպել է չինական խոշորագույն ընկերությունների հիմնադիրների և ղեկավարների հետ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի օրը հանդիպել է Չինաստանի մի քանի խոշորագույն ընկերությունների և խոստումնալից ստարտափների տասնյակ ղեկավարների հետ։

Նա խրախուսել է մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք ավելի շատ ներդրումներ կատարեն աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման պայմաններում։ Սա վերաբերում է հատկապես Միացյալ Նահանգներին․ այս մասին հայտնում է Reuters-ը։

Հանդիպման մասին սահմանափակ տեղեկատվություն է հաղորդվում, քանի որ այն մեկնաբանել են պետական լրատվականները և հիմնականում ընդգծել Սիի հայտարարությունները։

Վերլուծաբանները նշել են, որ հրավիրված ընկերություններից առաջին շարքում են նստել չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ի և չինական էլեկտրական մեքենաներ արտադրող BYD-ի ներկայացուցիչները, որոնց նախագահը կարևոր է համարում երկրի տեխնոլոգիական և մատակարարման շղթայի անվտանգության համար: