Կրեմլը Դոնալդ Թրամփի վարչակազմին գործարք է առաջարկել ռուսական բնական պաշարների վերաբերյալ: Այս մասին գրում է The Moscow Times պարբերականը։
Ռուսաստանը կարծում է, որ ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ ՌԴ, բացի այդ, հետաքրքրված է Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերով․ Սաուդյան Արաբիայում բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Մենք պետք է նաև համատեղ նախագծեր իրականացնենք, այդ թվում, օրինակ, Արկտիկայում։ Համատեղ նախագծերը թույլ կտան մեզ ավելի հաջողակ լինել»,- հայտարարել է Դմիտրիևը:
Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունները 300 մլրդ դոլար են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից։
Ռուսաստանի կառավարությունը հանքային ռեսուրսների բազայի զարգացման ռազմավարությունում ընդունել է, որ հանքանյութերի արդյունահանման և հետախուզման հարցում կախվածություն ունի ներմուծվող սարքավորումներից։ Հորատման սարքավորումներից այն կազմում է ավելի քան 90%, հանքարդյունաբերական մեքենաներից՝ 50% և վերգետնյա երկրաֆիզիկական սարքավորումներից՝ 30%: