The Guardian-ը հոդված է հրապարակել Եվրոպայի բնակչության նվազման և աջ ծայրահեղականության աճի միջև կապի մասին։
Ըստ The Guardian-ի՝ կանխատեսումները ցույց են տալիս, որ աջ ծայրահեղականության աճը կարող է արագացնել Եվրոպայի բնակչության նվազումը, ինչը կհանգեցնի տնտեսական ցնցումների, ներառյալ՝ տնտեսական աճի դանդաղում, կենսաթոշակային համակարգերի ու ծերերի խնամքի ծախսերի աճ։
Eurostat-ի հիմնական սցենարով՝ մինչև 2100 թվականը ԵՄ բնակչությունը կնվազի 6%-ով՝ 447 միլիոնից հասնելով 419 միլիոնի։ Ըստ կանխատեսումների, եթե ներգաղթը բացառվի, բնակչությունը կնվազի ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 295 միլիոնի։
Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց ներգաղթի՝ Եվրոպայի հասարակությունները ավելի արագ կծերանան, ինչը կհանգեցնի տնտեսական մարտահրավերների, քանի որ աշխատուժը կնվազի, իսկ խնամքի բեռը կաճի։
Հոդվածում նշվում է, որ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան, որտեղ ներգաղթի սահմանափակումները խստացվել են, կարող են բախվել բնակչության կտրուկ նվազման խնդրին, եթե ներգաղթը դադարի։ Օրինակ, Գերմանիայի բնակչությունը կարող է նվազել 83 միլիոնից մինչև 53 միլիոնի, իսկ Ֆրանսիայինը՝ 68 միլիոնից մինչև 59 միլիոնի։
Բացի բնակչության նվազումից, Եվրոպան նաև բախվում է բնակչության ծերացման խնդրին։ Եթե ներկայիս միտումները պահպանվեն, 2100 թվականին ԵՄ բնակչության 32%-ը կլինի 65 տարեկանից բարձր։ Սակայն ներգաղթի բացակայության դեպքում այդ ցուցանիշը կաճի մինչև 36%։
Եվրոպայի առողջապահական համակարգերն արդեն իսկ կախված են ներգաղթյալ բժիշկներից և բուժքույրերից։ Օրինակ, Նորվեգիայում բժիշկների 43,6%, իսկ Իռլանդիայում՝ 40,6%-ը օտարերկրյա կրթություն ունեն։
Եզրափակելով՝ հոդվածում նշվում է, որ Եվրոպան կանգնած է բնակչության նվազման և ծերացման լուրջ մարտահրավերների առջև, և ներգաղթը կարող է դառնալ այդ խնդիրների լուծման միջոցներից մեկը։ Սակայն, այս հարցում անհրաժեշտ է համակարգված մոտեցում և լայնածավալ բարեփոխումներ՝ երկարաժամկետ հեռանկարում Եվրոպայի տնտեսական և սոցիալական կայունությունն ապահովելու համար։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը