ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։ Թեև Թրամփը Մոդիին անվանել է «իմ մեծ ընկերը», միաժամանակ նախազգուշացրել է, որ Հնդկաստանը չի խուսափի ավելի բարձր մաքսատուրքերից, որոնք նա սկսել է կիրառել ԱՄՆ-ի առևտրային գործընկերների նկատմամբ ողջ աշխարհում։
«Ինչքան Հնդկաստանը գանձի մաքսատուրք, նույնքան էլ մենք նրանցից։ Հետևաբար, անկեղծ ասած, մեզ համար այլևս այնքան էլ կարևոր չէ, թե որքան են նրանք գանձում»,- հայտարարել է Թրամփը Մոդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Թրամփը խոսել է ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը Հնդկաստանի հետ նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Նա նաև նշել է, որ Մոդիի հետ սկսել են աշխատել լայնածավալ առևտրային համաձայնագրի վրա, որը հնարավոր է ավարտին հասցնել այս տարեվերջին։