Միջազգային

Ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանն ունեն նույն մոտեցումները. Զախարովա

Ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանն ունեն նույն մոտեցումները. Զախարովա

Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանն ունեն նույն մոտեցումները․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։

«Դա հաստատվել է ս․թ․ հունվարի 17-ին՝ Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրում։ Կողմերը նպաստում են հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հվ․ Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը», - ասել Է Զախարովան։

Միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը Հվ․ Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի մասնակից է:

Նա հիշեցրել է, որ հիշյալ խմբի շրջանակներում արդեն հսկայական աշխատանք է կատարվել ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ՝ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ․

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս պայմանը հավանության է արժանացել և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից։ Ցավոք, խմբի աշխատանքը հայկական կողմի դիրքորոշման պատճառով սառեցված է», - ասել Է Զախարովան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական