ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը երբեք պայման չի եղել խաղաղության հաստատման համար, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երբեք նման պայմանավորվածություն չի եղել։ Ուկրաինային երբեք չեն խոստացել, որ նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ հարցը միշտ դրվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտության տեսանկյունից։
Ռյուտեն նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներն ի գիտություն են ընդունել և քննարկել Թրամփի նախաձեռնությունը՝ կարգավորելու Ուկրաինայում իրավիճակը։ Ռյուտեն բացատրել է, որ «նախարարները քննարկում են անցկացրել վերջին իրադարձությունների վերաբերյալ»՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի և եվրոպական դիվանագիտության ղեկավարի մասնակցությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև Պուտինին անվանել է «ուժեղ բանակցող», և նրա մասնակցությունը բանակցություններին, ըստ Ռյուտեի, անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։
«2010-2014 թվականներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նրա հետ իմ նախկին պաշտոնում (Նիդերլանդների վարչապետ - խմբ.): Նա ուժեղ բանակցող է և անկանխատեսելի: Բայց եթե մենք խաղաղ լուծում ենք ուզում, ապա Պուտինը պետք է բանակցությունների մեջ լինի»,- ասել է Ռյուտեն: