ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու ցանկություն էր հայտնել դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պավել Զարուբինի հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում։ Նա հավելել է, որ Պուտինն ու Թրամփը չեն քննարկել Զելենսկու իրավական կարգավիճակը։
«Ուկրաինան այս կամ այն կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում»,- ասել է նա։
Խոսնակն ընդգծել է, որ դեռ վաղ է ասել, թե երբ Պուտինն ու Թրամփը կարող են օգտվել փոխադարձ այցերի հրավերներից։
«Պուտինն ուրախ կլինի Մոսկվայում ընդունել խոշոր երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Թրամփին, եթե նրանք որոշեն մայիսի 9-ին գալ»,- նշել է Պեսկովը։