ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինն ու Զելենսկին իր հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել են խաղաղություն հաստատելու ցանկության մասին։ Դրան ի պատասխան՝ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին սկսել բանակցություններ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ. գրում է Reuters-ը։
Այս բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թրամփի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Կիևը ստիպված կլինի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու և Ռուսաստանին անցած բոլոր տարածքները վերադարձնելու իր նպատակներից։
Ավելի քան մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է՝ Պուտինը ցանկանում է, որ պատերազմը ավարտվի, և իրենք քննարկել են «մոտ ապագայում հրադադարի հասնելու» հնարավորությունը։
«Նա ուզում է, որ պատերազմն ավարտվի։ Նա չի ուզում, որ այն ավարտվի, իսկ հետո վեց ամիս անց կրկին վերսկսվի», – ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ մենք խաղաղության ուղու վրա ենք։ Նախագահ Պուտինը ցանկանում է խաղաղություն, նախագահ Զելենսկին ցանկանում է խաղաղություն, և ես ևս ցանկանում եմ խաղաղություն։ Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն սպանվել», – հավելել է նա։
Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իրենց առաջին հանդիպումը «ամենայն հավանականությամբ» կկայանա Սաուդյան Արաբիայում»։
Թրամփը Զելենսկու հետ զրուցել է Պուտինի հետ խոսելուց հետո, և Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։
Թրամփը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարելու գաղափարին. «Քիչ հավանական է և ոչ պրակտիկ, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Հավանական չէ նաև, որ Ուկրաինան վերադառնա 2014թ. սահմաններին, գուցե կորսված որոշ տարածքներ վերադարձվեն»։
Սպիտակ տանը Թրամփի ելույթի առանցքային դրույթները.
- «Մոտ ապագայում» հնարավոր է համարել Ուկրաինայում հրադադար հաստատվի։
- Հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարելու գաղափարին։
- ԱՄՆ-ը մտադիր է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն ցանկանում է երաշխիքներ ստանալ իր ներդրումների պաշտպանության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարը Կիևից պետք է համապատասխան փաստաթուղթ բերի։
- Ուկրաինան երբևէ ստիպված կլինի անցկացնել նախագահական ընտրություններ։
- Պլանավորում է հաճախակի հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ։
- Քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան կվերադառնա 2014 թվականի սահմաններին։
- Չի բացառել, որ Ուկրաինային կհաջողվի վերականգնել իր կորցրած տարածքների մի մասը։
- Հայտարարել է, որ սպասում է Պուտինի այցին ԱՄՆ և պատրաստ է ինքն էլ այցելել Ռուսաստան։
- Պուտինի հետ առաջին հանդիպումը կարող է լինել Սաուդյան Արաբիայում։
- Հաստատել է, որ առաջարկել է Պուտինին դադարեցնել Ուկրաինայում պատերազմական գործողությունները։ ՌԴ նախագահն ասել է, թե չի ցանկանում ժամանակավոր լուծում։