Միջազգային

Եվրոպական երկրները ցանկանում են ներգրավվել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Եվրոպական երկրները ցանկանում են ներգրավվել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորություններն ու մի շարք այլ եվրոպական երկրներ հայտարարել են, որ Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ ցանկացած ապագա բանակցություններում Եվրոպան պետք է ներգրավված լինի։ Միաժամանակ ընդգծել են, որ միայն անվտանգության երաշխիքներով արդար համաձայնագիրը կարող է ապահովել կայուն խաղաղություն. գրում է Guadrian-ը։

«Ուկրաինան և Եվրոպան պետք է ներգրավված լինեն ցանկացած բանակցություններում», – ասվում է 7 եվրոպական երկրների և Եվրոպական հանձնաժողովի կողմից Փարիզում արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Ուկրաինան պետք է ստանա հզոր անվտանգության երաշխիքներ։ Արդար և կայուն խաղաղությունը Ուկրաինայում անհրաժեշտ նախապայման է ամուր տրանսատլանտյան անվտանգության համար»,– նշված է հայտարարության մեջ։

Եվրոպական երկրները շեշտել են, որ ակնկալում են այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսը պատրաստ են անհապաղ սկսել բանակցություններ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։

Ըստ Guardian-ի՝ այս զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում, քանի որ Թրամփն ու Պուտինը, ըստ եվրոպական առաջնորդների, կարծես բանակցում են մայրցամաքի անվտանգության ապագայի շուրջ՝ առանց Եվրոպայի ներգրավվածության։

«Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն չի կարող լինել առանց եվրոպացիների մասնակցության», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ուկրաինայի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը և Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն ընդգծել են, որ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող կայացվել «առանց Ուկրաինայի», իսկ ԵՄ երկրները պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։

«Մենք ցանկանում ենք Ուկրաինայում խաղաղություն, բայց ցանկանում ենք, որ անարդար պատերազմն ավարտվի արդար խաղաղությամբ», – ասել է Ալբարես Բուենոն։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդիպման ընթացքում նշել է, որ «ԱՄՆ-ի հետ շարունակական համագործակցությունը» քննարկվող հարցերի թվում է։

«Մեր մայրցամաքի անվտանգության լավագույն երաշխիքը մնում է սերտ տրանսատլանտյան համագործակցությունը», – հավելել է Սիկորսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական