ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին կոչ է արել մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը և առաջնորդություն ստանձնել Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովման գործում։
«Ռազմավարական իրողությունները խանգարում են Միացյալ Նահանգներին՝ լինել Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխավորը։ ԱՄՆ-ն այլևս չի կարող կատարել այդ դերը, և տարածաշրջանում պետք է սպասել ամերիկյան ուժերի կրճատման»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ հիմնական մրցակիցը դարձել է Չինաստանը, որը ռեսուրսներով հավասարվել է նրան․
«Մենք բախվում ենք Չինաստանի կոմունիստական ռեժիմի հետ, որը համարվում է համարժեք մրցակից՝ վտանգելով մեր հայրենիքը և հիմնական շահերը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
ԱՄՆ-ի առաջնահերթությունը պատերազմը կանխելն է Խաղաղ օվկիանոսում՝ Չինաստանի դեմ։ Մենք պարտավոր ենք ընդունել ռեսուրսների սահմանափակության իրականությունը և կատարել անհրաժեշտ ընտրություն՝ ապահովելու, որ զսպող մեխանիզմները չձախողվեն։ Զսպումը չպետք է ձախողվի»,- ընդգծել է նա։
Ըստ Հեգսեթի՝ Եվրոպայի դաշնակիցները պետք է առաջնորդեն առաջնագիծը․ «Միացյալ Նահանգներն այլևս չի հանդուրժելու անհավասարակշիռ հարաբերություններ, որոնք խրախուսում են կախվածություն։ Համագործակցության առանցքում կլինի Եվրոպայի հզորացումը, որպեսզի նա ստանձնի իր անվտանգության ամբողջական պատասխանատվությունը»։