Բրիտանական The Telegraph պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին և դրանից հետո Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունններին։ Ըստ պարբերականի՝ հեռախոսազրույցը «մեծ հաղթանակ» է եղել Պուտինի համար, քանի որ «Ռուսաստանի նախագահը միշտ հավատացել է, որ իսկապես ինքնիշխան կարող են լինել միայն այն երկրները, որոնք որոշում են ուրիշների ճակատագիրը»։
«Նա միշտ համոզված էր, որ Ռուսաստանը կդառնա մեծ տերություններից մեկը՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ միասին, որը կարող է կիսել մնացած աշխարհը: Ահա թե ինչու է նա միշտ ցանկացել Ուկրաինայի ճակատագրի մասին խոսել Վաշինգտոնի, ոչ թե Կիևի հետ։ Մնացած ամեն ինչ նվաստացում կլիներ»,- ասվում է հոդվածում։
Պարբերականն ընդգծել է՝ «նույնիսկ երեխան կարող է հասկանալ», որ Ամերիկան շահագրգռված չէ ուկրաինական կամ եվրոպական անվտանգության ապահովման հարցում, և խաղաղության ձևը կախված կլինի Եվրոպայից, ներառյալ՝ Բրիտանիան։
Եվ եթե Ուկրաինան պահի Կիևը, Խարկովը, Օդեսան, Խերսոնն ու Դնեպրը և մնա ազատ ու բարգավաճ, ապա կարելի է ասել, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթել է։
Երկրորդ սցենարն այն է, որ Պուտինը մի քանի տարի հետո վերադառնա Ուկրաինա, գրավի Խարկովն ու Կիևը, իսկ հետո ներխուժի ՆԱՏՕ-ի երկիր՝ համոզված լինելով, որ Դաշինքը չի համապատասխանի հավաքական պաշտպանության իր հռետորաբանությանը: Սրա դեմ էլ պետք է լինի նոր եվրոպական անվտանգության համակարգը՝ կանխելու նման սցենարը։ Պարբերականը գրում է, որ դա հնարավոր է իրականացնել։