Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ահմեդ ալ-Շարաայի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարաային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այս առումով ընդգծվել է երկրում կայուն կարգավորման և միջսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնո-դավանական խմբերի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք արդի հարցերի՝ մասնավորապես հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այս տեսակի օգտակար շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար։ Ղեկավարների հեռախոսազրույցը եղել է կառուցողական, գործնական և տեղեկատվական»,- ասվում է հաղորդագրությունում։