ԱՄՆ Սենատը Թուլսի Գաբբարդին հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 52 սենատոր, դեմ էին 48-ը, գրում է The New York Times-ը։
Գաբբարդն իր քաղաքական կարիերան սկսել է 2002 թվականին։ Նա Իրաքի պատերազմի վետերան է, ով 2004-ից 2005 թվականներին ծառայել է բժշկական բաժանմունքում: Այնուհետև նա դարձել է Հավայան կղզիների ազգային գվարդիայի մայոր, իսկ ավելի ուշ ստացել է ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետի կոչում: Գաբբարդը 2013-2021 թվականներին ծառայել է որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ: 2019 թվականին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն հետագայում աջակցել էր Ջո Բայդենին։
2022 թվականի հոկտեմբերին Գաբբարդը լքել էր Դեմոկրատական կուսակցությունը, աջակցել Դոնալդ Թրամփին և 2024 թվականի հոկտեմբերին միացել Հանրապետական կուսակցությանը։ 2024 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը նրա թեկնածությունն առաջադրել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։