Միջազգային

Չինական BYD-ը DeepSeek-ի հետ նոր ինքնավար համակարգ կներդնի

Չինական BYD ընկերությունն իր մեքենաներում ներդնում է ինքնավար վարման կատարելագործված համակարգ, որն ստացել է «God's Eye» անվանումը:

Չորեքշաբթի օրը BYD-ի բաժնետոմսերը հասել են երբևէ եղած ամենաբարձր մակարդակին։ Այս շաբաթվա սկզբին էլեկտրամեքենա արտադրող ընկերությունը հայտարարեց ԱԲ DeepSeek ընկերության հետ համագործակցության մասին:

Էլեկտրամոբիլների չինական արտադրողը, որը Tesla-ի առանցքային մրցակիցն է, հայտարարել է, որ իր բոլոր մոդելներում կներդնի ինքնավար վարման համակարգ՝ էժան մոդելներից մինչև բացառիկներ:

BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուն հայտարարել է, որ ընկերությունը ձգտում է ինքնավար մեքենա վարելը դարձնել ոչ թե շքեղություն, այլ անվտանգության սովորական միջոց:
Մինչ այս չինական ընկերությունն ավելի զգույշ մոտեցում էր ցուցաբերում ինքնավար վարման հարցում՝ համեմատած իր մրցակիցների հետ:

Նոր տեխնոլոգիան, որն ստացել է «Աստծո աչք» անվանումը, հասանելի կլինի ընդամենը 9200 եվրո արժողությամբ մեքենաներում:

Փորձագետները նշել են, որ ԱԲ տեխնոլոգիան կարող է BYD ընկերությանը թույլ տալ ձայնային հրամանների ավելի կատարյալ համակարգ առաջարկել և բարելավել ինքնավար վարման հնարավորությունները:

BYD -ի մրցակիցները՝ չինական Geely-ն, Great Wall Motor -ը և Leapmotor-ը, նույնպես ձգտում են ինտեգրել DeepSeek համակարգերն իրենց մոդելներում: