Միջազգային

Քենեդիի սպանությանը վերաբերող 2,400 նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հայտնաբերել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանությանը վերաբերող 2,400 նոր փաստաթուղթ։ Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո ստորագրել էր հրամանագիր՝ մի շարք փաստաթղթեր գաղտնազերծելու մասին․ գրում է AP-ն։

ՀԴԲ-ն նշել է, որ աշխատում է այդ փաստաթղթերը փոխանցել Ազգային արխիվներ և Փաստաթղթերի վարչություն՝ դրանք գաղտնազերծելու համար։ 

1990-ականների սկզբին դաշնային կառավարությունը որոշում կայացրեց, որ 1963 թվականի նոյեմբերի 22-ի սպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է պահվեն Ազգային արխիվներում՝ որպես միասնական հավաքածու։ Չնայած հավաքածուի ճնշող մեծամասնությունը (5 միլիոնից ավելի էջ) արդեն հրապարակվել է, հետազոտողների գնահատմամբ՝ 3,000 փաստաթուղթ մասամբ կամ ամբողջությամբ դեռևս մնում է անհայտ։

ՀԴԲ-ն իր հայտարարության մեջ չի նշել նոր  հայտնաբերված փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության բնույթը։

Ջեֆերսոն Մորլին՝ Ջոն Ֆ. Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերի հավաքածուի պահպանմամբ զբաղվող Մերի Ֆերելլի հիմնադրամի փոխնախագահը, ՀԴԲ այս քայլն անվանել է «անսովոր անկեղծ»։