Միջազգային

«Հայաստանը ձեռք է բերում հարձակողական սպառազինություն». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Արմենպրեսում» հրապարակված հոդվածին։

«Փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված ՀՀ վարչապետի հոդվածում արտացոլված այն պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Արևմտյան Ադրբեջանի համայնքի նպատակների մասին հայտարարությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ չհիմնավորված հայտարարություններ ուղղված են իրականության խեղաթյուրմանը և մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը։

«44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերն աճել են գրեթե երեք անգամ՝ 2021թ․ 600 միլիոն դոլարից 2024թ․ հասնելով 1,6 միլիարդ դոլարի։ Ավելին, վերջերս կնքված ռազմական պայմանագրերի հիման վրա Հայաստանը ձեռք է բերում հարձակողական սպառազինություն, որը կարող է հեռահար հարված հասցնել հիմնականում Ադրբեջանի տարածքներին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: