Միջազգային

ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի մոտ չեն եղել. Եվրահանձնաժողով

Եվրամիության հետ մերձեցման գործընթացը նոր թափ է հավաքում, սակայն Հայաստանը դեռ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, ռուսական «Իզվեստիա» - ին հայտնել են Եվրահանձնաժողովից:

«Հայաստանում շարունակվող քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և նրա արժեքների գրավչությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի մոտ չեն եղել, քան հիմա։ Վիզային ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի աջակցությունը ցույց տվեցին դա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բրյուսելում նաև խոստացել են հայ գործընկերների հետ քննարկել եվրոպական ինտեգրման մասին օրինագիծը: Չնայած նրան, որ իրավաբանորեն ԵՄ անդամակցության հարցը դեռևս օրակարգում չէ, Հայաստանն արդեն շարժվում է միության հետ խորացված գործընկերության ուղղությամբ:

Բրյուսելը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն «Հայաստանի կայունություն և աճ» ծրագրի միջոցով 2024-2027 թվականների համար ավելացրել է ֆինանսական աջակցությունը 270 մլն եվրոյի չափով։ Այս ծրագիրն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, առևտրի, տրանսպորտային կապի և էներգետիկ անվտանգության զարգացմանը։

«Միևնույն ժամանակ, արդեն հիմա ակտիվ աշխատանք է ընթանում համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս Հայաստանին մերձենալ ԵՄ նորմերին», - հայտարարել են Եվրահանձնաժողովից: