Չինաստանի պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության պետական վարչությունը հավաքագրում է աշխատակիցներ 2024 YR4 աստերոիդից մոլորակային պաշտպանության հաստիքների համար, որը կարող է հարվածել Երկրին 2032 թվականին, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ինչպես հայտնում է South China Morning Post թերթը, աստերոիդի հայտնաբերումից մի քանի շաբաթ անց Չինաստանի պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության պետական վարչության հատուկ նախագծերի կենտրոնը հրապարակել է հայտարարություն աշխատակիցների հավաքագրման մասին, որում նշված է մոլորակային պաշտպանության հաստիքների երեք թափուր աշխատատեղ։
Պարբերականը նշում է, որ կենտրոնը, որը պատասխանատու է օդատիեզերական ճարտարագիտական հետազոտությունների և Երկրի դիտարկման համար, հավաքագրում է շրջանավարտների՝ աստերոիդների մոնիտորինգը ուսումնասիրելու և վաղ նախազգուշացման մեթոդներ ստեղծելու համար։
Նախօրեին Չինաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտության ազգային կենտրոնը China Science Daily թերթին հայտնել է, որ 2024 YR4-ի Երկրի հետ բախվելու հավանականությունը դինամիկ կերպով կշտկվի, ուղեծրային դիտման տվյալների կուտակմանը զուգընթաց: Ընդ որում՝ գիտնականները մինչև այս տարվա ապրիլ ժամանակ ունեն աստերոիդի դիտարկումներ անցկացնելու համար, որից հետո հնարավորությունների հաջորդ պատուհանը կբացվի միայն 2028 թվականին, երբ աստերոիդը նորից կմոտենա Երկրին։
Եթե աստերոիդն իսկապես բախվի Երկրին, ամենահավանական սցենարն այն է, որ այն ընկնի օվկիանոս: Եթե դա տեղի ունենա բաց ծովում, մարդկանց վրա էական ազդեցություն չի լինի։ Այնուամենայնիվ, եթե այն ընկնի ափամերձ գծին մոտ, դա կարող է հանգեցնել ցունամիի առաջացման, որը կարող է ազդել ափամերձ քաղաքների վրա: Եթե աստերոիդը ընկնի ցամաքի վրա, օդում դրա քայքայման հետևանքով առաջացած հարվածային ալիքը, ջերմային ճառագայթումը և լույսի ճառագայթումը կարող են ոչնչացնել միջին քաղաքի չափ տարածք։
Ներկայումս նման աստերոիդներից պաշտպանության ամենաառաջադեմ տեխնիկական միջոցը տիեզերանավի արձակումն է, որը մեծ արագությամբ կբախվի աստերոիդին՝ ստիպելով նրան փոխել իր ուղեծիրը և թռչել Երկրի կողքով: Բացի այդ, այսօր ուսումնասիրվում են նաև այնպիսի տեխնիկական մեթոդներ, ինչպիսիք են գրավիտացիայի և լազերային աբլյացիայի միջոցով աստերոիդների ներգրավվումը