Միջազգային

«Դեպի Նախիջևան տրանսպորտային նոր միջանցքը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»․ Մուստաֆաև

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի հիմնական մասի միջև տրանսպորտային նոր միջանցքը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Իրանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։

Մուստաֆաևը նշել է, որ տրանսպորտի ոլորտն Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության առանցքային ոլորտներից է։

«Նոր տրանսպորտային երթուղին, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանի հիմնական մասի հետ, զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը և այլ նախագծեր նույնպես ուղղված են տարածաշրջանի զարգացմանը: Դրանում կարևոր դեր կունենա նաև Օրդուբադի հիդրոէլեկտրակայանը»,- ասել է նա:

Մուստաֆաևի խոսքով՝ անցյալ տարի Ադրբեջանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալն աճել է 20%-ով, այդ թվում՝ տարանցիկն ավելի քան 23%-ով։

«Նախագահի մակարդակով պայմանավորվածությունները տրանսպորտի ոլորտում ճանապարհային քարտեզ են։ Մի շարք փոխշահավետ նախագծեր արդեն իրականացվել են, և շարունակվում է արդյունավետ համագործակցությունն անավարտ նախագծերի շուրջ»,- ասել է նա։

Փոխվարչապետը հավելել է, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի խթանումը և այլ ծրագրեր նույնպես նախատեսված են տարածաշրջանի նյութատեխնիկական հնարավորությունների բարձրացմանը։

«Այս բոլոր նախագծերը նոր հեռանկարներ են խոստանում կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Մուստաֆաևը:

Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարելիք այցը նոր հեռանկարներ կստեղծի երկրների միջև համագործակցության զարգացման համար։