ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Գազայում գտնվող բոլոր իսրայելցի պատանդները մինչև շաբաթ օրը կեսօր չվերադարձվեն, ինքը կառաջարկի չեղարկել Իսրայելի և «Համասի» միջև հրադադարը և «թողնել, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»։
Երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ կարող է դադարեցնել օգնությունը Հորդանանին և Եգիպտոսին, եթե այդ երկրները չընդունեն Գազայից տեղահանված պաղեստինցի փախստականներին։
Թրամփի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ «Համասը» հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է պատանդների ազատ արձակումը՝ հրադադարի պայմանների «խախտումների» պատճառով։ Այս հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը երկրի զինված ուժերին դրել է մարտական պատրաստվածության վիճակում՝ հանձնարարելով պատրաստ լինել «Գազայում ցանկացած զարգացման»։
Թրամփը «սարսափելի» է որակել «Համասի» հայտարարությունը և ասել, որ հրադադարի ճակատագիրը պետք է որոշի Իսրայելը․ «Եթե բոլոր պատանդները չվերադարձվեն մինչև շաբաթ օրը՝ կեսօրին, ես կարծում եմ, որ դա բավականաչափ ողջամիտ ժամկետ է, ես կասեմ՝ չեղարկեք հրադադարը, և թող ամեն ինչ պայթի»։
Թրամփը հայտարարել է, որ պատանդները պետք է ազատ արձակվեն «ոչ թե քիչ-քիչ, ոչ թե երկուսը, մեկը, երեքը, չորսը կամ երկուսը։ Մենք նրանց բոլորին հետ ենք ուզում։ Ես խոսում եմ իմ անունից։ Իսրայելը կարող է դա վերանայել, բայց իմ կարծիքով՝ շաբաթ օրը կեսօրին, և եթե նրանք այնտեղ չեն, ամեն ինչ կպայթի»,- ասել է նա։