Միջազգային

Փարիզում մեկնարկում է AI գագաթնաժողովը

Երկուշաբթի օրը Փարիզում մեկնարկում է արհեստական բանականության հարցերով երկօրյա գագաթնաժողովը. հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Քաղաքական և տեխնոլոգիական ոլորտների առաջնորդները կփորձեն գտնել ընդհանուր մոտեցումներ մի տեխնոլոգիայի վերաբերյալ, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային բիզնեսի և հասարակության վրա։

Հանդիպումը կազմակերպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Գագաթնաժողովի հիմնական նպատակներն են՝ ԱԲ-ի գլոբալ կարգավորման մեխանիզմների մշակումն ու քարտեզագրումը, տեխնոլոգիայի ավելի էթիկական, հասանելի և արդյունավետ օգտագործման խթանումը, ինչպես նաև Եվրոպայի ինքնիշխանության ամրապնդումը ԱԲ ոլորտում։

Մասնակիցների թվում են քաղաքական բարձրաստիճան գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը և Չինաստանի փոխվարչապետ Չժան Գոցինը։ Նրանք հանդիպումներ կունենան տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, այդ թվում՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի և Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայի հետ։