Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներին մեղադրել է իր կառավարության դիրքերը խարխլելու փորձերի մեջ:
Այսօր Իրանական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է երկիրը «ծնկի բերել»:
Իրանն ավելի ու ավելի է հիասթափվում Թրամփից՝ «առավելագույն ճնշման» արշավը վերսկսելու համար, որը նա մեկնարկել էր իր առաջին նախագահական ժամկետում:
«Թրամփն ասում է, որ ցանկանում է բանակցություններ վարել, բայց միևնույն ժամանակ ստորագրում է ցանկացած հնարավոր դավադրության տակ, որն ուղղված է այս հեղափոխությունը ծնկի բերելուն։ Նա պնդում է, որ բաց է երկխոսության համար, բայց դա ասելով՝ Իրանին մեղադրում է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը ընդգծել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց երբեք չի խոնարհվի օտարի առաջ:
«Եթե մենք միավորենք ջանքերը, կարող ենք լուծել երկրի բոլոր խնդիրները», - ասել է նախագահը՝ ԱՄՆ-ին մեղադրելով երկիրը «պառակտելու» փորձերի մեջ: