Միջազգային

«Պետք է վերջ տանք այս պատերազմին». Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նահանգները առաջընթաց է գրանցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման բանակցություններում. գրում է Reuters-ը։ Միաժամանակ, սակայն, Թրամփը հրաժարվել է մանրամասներ հաղորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած շփումների վերաբերյալ։

Air Force One օդանավում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը չի հերքել, որ իրենց միջև կապ է հաստատվել։ Հարցին, թե արդյոք նա խոսել է Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես այլևս ոչինչ չեմ ասի։ Եկեք այդպես ասենք՝ ես այլևս ոչինչ չեմ ասի... Սակայն ես սպասում եմ բազմաթիվ այլ խոսակցությունների։ Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»։

«Եթե մենք խոսում ենք, ես չեմ ցանկանում պատմել այդ խոսակցությունների մասին»,- հավելել է Թրամփը։ «Ես հավատում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում։ Մենք ցանկանում ենք դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը»։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ. «Մենք բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ»։