Թռչնագրիպի բռնկման հետևանքով ԱՄՆ-ում հավի ձվի գներն արագ աճում են։
Սա ստիպում է մանրածախ վաճառողներին շտապ միջոցներ ձեռնարկել, իսկ սպառողներին՝ վերանայել իրենց ֆինանսական հնարավորությունները և երբեմն գնալ ծայրահեղությունների, գրում է BBC-ն:
Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ում ձվի ինքնարժեքն աճել է միջինը 65%-ով, ընդ որում այդ աճի 40%-ը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Ամերիկացի ֆերմերներին թռչնագրիպը պատուհասել է 2022 թվականի հունվարից։
Associated Press-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր ամբողջ երկրում ոչնչացվել է մոտ 145 միլիոն հավ և այլ թռչնամիս՝ ոչ միայն հիվանդ թռչունների, այլ նաև կանխարգելիչ նպատակներով: 2024 թվականի վերջին գրիպի բռնկումը վատթարացավ, և ընդամենը երկու ամսում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, անհրաժեշտ էր ազատվել մոտավորապես 17 միլիոն թռչուններից։ Արդյունքում մեկ ամսվա ընթացքում Ա կատեգորիայի մեկ տասնյակ ձվի գինը 3,65 դոլարից բարձրացավ 4,15 դոլարի։
Գյուղատնտեսության դեպարտամենտը կանխատեսում է, որ 2025 թվականին ձվի գները կբարձրանան ևս 20%-ով, մի միտում, որն արդեն ուժեղորեն զգացվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում։