Միջազգային

Ալյասկայում ինքնաթիռ է կործանվել

Բոլոր տասը մարդիկ, ովքեր գտնվել են Ալյասկայում մեկ օր առաջ անհետացած ինքնաթիռում, մահացել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ առափնյա պահպանությանը։

«Ալյասկայի արևմտյան հատվածում  փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր 10 մարդիկ մահացել են՝ 9 ուղևորն ու մեկ օդաչուն»,- ասվում է առափնյա պահպանության ծառայության հայտարարության մեջ։

ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ նախօրեին ռադարներից անհետացած ինքնաթիռը հայտնաբերել է կործանված՝ Նոմից 34 մղոն (54 կիլոմետր) հարավ-արևելք:

Ալյասկայում Bering Air ավիաընկերության փոքր ինքնաթիռի անհետացման մասին հայտնի է դարձել երեկ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Cessna Caravan-ը ինը ուղևորներով և մեկ օդաչուով ուղեւորվում էր Ունալաքլեետից Նոմ: Որոնողափրկարարական գործողությանը մասնակցել են Ազգային գվարդիան, առափնյա պահպանությունը և բանակը։ Չնայած ակտիվ ցամաքային որոնողական աշխատանքներին, նշվել է, որ օդային որոնողական հնարավորությունները սահմանափակ են եղանակի և տեսանելիության պատճառով: