Ռուսաստանն ունի բավարար կամք և ռեսուրսներ՝ կանխելու Բալթիկ ծովը ալյանսի «ներքին լիճ» դարձնելու ՆԱՏՕ-ի ձգտումը. այս մասին հայտարարել է Ֆինլանդիայում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում։
«Հուսով ենք՝ մեր տարածաշրջանային գործընկերները կգիտակցեն, որ Ռուսաստանն ունի բավարար կամք և ռեսուրսներ՝ խափանելու ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակը՝ Բալթիկ ծովը ալյանսի «ներքին լճի» վերածելը։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - նշել է նա:
Դեսպանն այս կերպ է արձագանքել ՆԱՏՕ-ի՝ Բալթիկ ծովի պարեկության առաքելությանը։
Բալթիկ տարածաշրջանի ՆԱՏՕ-ի անդամ երկրները հունվարի 14-ին հայտարարել են «Բալթիկ պահակ» (Baltic Sentry) անվանումով առաքելության մեկնարկի մասին։ Որոշումը կայացվել է ծովում կաբելների վերջին վնասման դեպքերի հետևանքով։ ՆԱՏՕ-ն չի հստակեցրել տեղակայվող նավերի և օդային միջոցների քանակը, սակայն հայտնել է, որ առաքելության ժամկետներ չեն սահմանվելու։