Միջազգային

Սիրիան կպահպանի ռուսական ռազմաբազաները, եթե ձեռնտու լինի

Սիրիան կարող է թույլ տալ Ռուսաստանին՝ պահպանել իր բազաները․ հայտարարել է պաշտպանության նոր նախարարը:

Հարցազրույցում սիրիացի ապստամբների նախկին առաջնորդ Մուրհաֆ Աբու Քասրան պատմել է նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ Դամասկոսի իշխանությունների քայլերի մասին:

«Ռուսական կողմը կկարողանա պահպանել Հմեյմիմի և Տարտուսի ռազմակայանները, եթե դա ձեռնտու լինի Սիրիային։ Եթե մենք դրանից օգուտ քաղենք Սիրիայի համար, ապա այո», - ասել է նախարարը The Washington Post-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Սիրիայի նոր կառավարության նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունից հետո «զգալիորեն բարելավվել է»:

Նախարարը նաև նշել է, որ Դամասկոսը ներկայումս քննարկում է տարբեր երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի հնարավորությունը: