Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, մասնավորապես՝ երկաթուղային գծի ընդլայնման նախագիծ են իրականացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի համապարփակ զարգացումը դարձել է այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը։
«Կարծում եմ, դուք տեսել եք մեր երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստը, որն ստորագրվել է ամենաբարձր մակարդակով: Այնտեղ նույնպես այս հարցին զգալի ուշադրություն է դարձվում: Մենք Իրանի հետ միասին աշխատում ենք միջանցքի արևմտյան հատվածում անխափան երկաթուղային նյութատեխնիկական ապահովման ստեղծման ուղղությամբ՝ որպես առաջնահերթություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ դա հնարավոր կդառնա Ռաշտ և Աստարա քաղաքների միջև հատված կառուցելու նախագծի իրականացումից հետո։
«Սա 162 կմ երկարությամբ հատված է։ Համապատասխան միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է այդ նպատակների համար ռուսական արտահանման վարկի հատկացում։ Այն ստորագրվել է Թեհրանում 2023 թվականի մայիսի 17-ին»,- պարզաբանել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը շահագրգռված են տրանսպորտային միջանցքի հետևողական ընդլայնմամբ։
«Մենք գոհունակությամբ նշում ենք տրանսպորտային միջանցքի 2000 թվականի միջկառավարական համաձայնագրին մասնակցող բոլոր երեք պետությունների անսասան հանձնառությունը, որոնց տարածքով անցնում է նշված միջանցքի արևմտյան ճյուղը, այն է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը, հետևողականորեն ընդլայնելու իրենց ներուժը»,- ասել է դիվանագետը։
Նա հիշեցրեց, որ ավտոմոբիլային երթուղին արդեն վաղուց է գործարկվել և հաջողությամբ գործում է տրանսպորտային միջանցքում։
«Բեռնափոխադրումների ծավալն աճում է տարեցտարի, աճում է վստահ տեմպերով։ Հետևաբար, ի լրումն Բալթյան ծովից մինչև Պարսից ծոց նշված երթուղու ամբողջ երկարությամբ երկաթուղային հատվածի ամբողջական տեղադրման մասին քննարկումներին, օրակարգում մշտական հարց է ներքին բեռնափոխադրողների համար հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը»,- եզրափակեց ԱԳՆ ներկայացուցիչը։