Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Անկարայում բանակցություններից հետո մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին։
Էրդողանը հայտնել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրների օրակարգային ընթացիկ հարցեր։
«Մենք կշարունակենք համագործակցել Գերմանիայի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսիք են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակը Գազայի հատվածում և Ուկրաինայում»,- ասել է նա։
Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը մեծ պատասխանատվություն է կրում Գազայում հրադադարի պահպանման համար։
Գերմանիայի նախագահ Շտայնմայերը նշել է, որ պաղեստինցիներին արտաքսելու Թրամփի առաջարկները խորը մտահոգության և վախի պատճառ են հանդիսանում։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ այդ ծրագրերն անընդունելի են միջազգային իրավունքի տեսանկյունից։