Միջազգային

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»․ Թրամփը նաև պատրաստ է բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է Իրանի դեմ իր «առավելագույն ճնշման» քաղաքականությունը․ նա համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Reuters-ը հայտնում է, որ հրամանագիրը ներառում է Թեհրանի նավթային արտահանումը զրոյի հասցնելու ջանքեր՝ իրանական միջուկային զենք ձեռք բերելը կանխելու նպատակով: 

Հրամանագիրը նա ստորագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ՝վերականգնելով Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը, որը գործում էր իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում: 

Փաստաթուղթը ստորագրելիս Թրամփն այն բնութագրել է որպես «շատ կոշտ» և նշել, որ տատանվել է այս քայլը կատարելու հարցում: 

Թրամփը հավաստիացրել է, որ բաց է Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում և պատրաստակամություն է հայտնել խոսել Իրանի նախագահի հետ։

«Իմ դեպքում ամեն ինչ շատ պարզ է. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը: Հարցին, թե որքան մոտ է Իրանը միջուկային զենք ձեռք բերելուն, Թրամփը պատասխանել է. «Նրանք շատ մոտ են»: 

Թրամփը նախկին նախագահ Ջո Բայդենին մեղադրել է նավթի արտահանման սանկցիաները խստորեն չկիրառելու մեջ։ Թրամփի խոսքով, սա խրախուսել է Թեհրանին՝ թույլ տալով նավթ վաճառել՝ միջուկային զենքի ծրագիր և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներ ֆինանսավորելու համար: