ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է, որ Գազայի հատվածը լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որտեղ կիրականացվեն պաղեստինցիների վերաբնակեցման ծրագրեր։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, գրում է Reuters-ը։
Այս հայտարարությունն նա արել է Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության փխրուն հրադադարը, պատանդների փոխանակման հարցը, ինչպես նաև Իրանի հետ կապված մտահոգությունները։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է վերահսկողություն ստանձնել Գազայի նկատմամբ՝ այնտեղ զարգացման ծրագրեր իրականացնելու և հազարավոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։
«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Եթե պետք լինի, զորքեր կուղարկենք, վերահսկողություն կստանձնենք, կզարգացնենք այդ տարածքը և կստեղծենք հազարավոր աշխատատեղեր։ Դա կդառնա մի բան, որով ամբողջ Մերձավոր Արևելքը կհպարտանա»,– ասել է Թրամփը։
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է երկպետական լուծմանը, որը նախատեսում է պաղեստինյան պետության ստեղծում Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին և Գազայի հատվածում՝ Իսրայելի կողքին։ Սակայն Թրամփը հստակ չի նշել, թե արդյոք աջակցում է այդ լուծմանը։
«Դա չի նշանակում երկպետական կամ միապետական լուծում։ Դա նշանակում է, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքի հնարավորություն տալ, քանի որ Գազայի հատվածը դարձել է դժոխային վայր այնտեղ ապրողների համար»,– ասել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ Գազայում կարող են ապրել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաղեստինցիներ։
«Ես պատկերացնում եմ, որ այնտեղ կապրեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Փաղեստինցիներն էլ կապրեն այնտեղ, շատ մարդիկ կապրեն այնտեղ»,– նշել է նա՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։