ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը կնշանակվի ֆինանսների նախարար: Այս մասին հայտնում է նորվեգական NRK-ը։
Այս պահին Նորվեգիայում իշխող աշխատավորական կուսակցությունը, որը Ստոլտենբերգը գլխավորել է 2002-14թթ․, ծանր ճգնաժամ է ապրում:
Անցյալ շաբաթ կոալիցիոն կառավարությունը փլուզվել է կուսակցության դիրքորոշման պատճառով, որը համաձայն չի եղել դաշնակիցների էներգետիկ քաղաքականությանը և ԵՄ-ի հետ մերձեցման ծրագրերին: Կառավարությունը լքել են 20 նախարարներից 8 -ը, այդ թվում՝ ֆինանսների նախարարը։
Ստոլտենբերգի վաղեմի զինակից, երկրի վարչապետ Յոնաս Գար Ստերեն խոստացել է փետրվարի 4-ին հայտարարել իր կաբինետի նոր կազմը:
Ավելի վաղ Ստերեն նաև խոստացել էր, որ հրաժարական չի տա և կղեկավարի փոքրամասնության կառավարությունը մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մինչև այս տարվա սեպտեմբերի 8-ը:
Ստոլտենբերգի նշանակումը նախարարների կաբինետի կազմում կարող է օգնել շտկել կուսակցության անկումային վարկանիշը, քանի որ գործիչը հեղինակություն է վայելում երկրում։