Միջազգային

Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հետ կնքել «հազվագյուտ հողերի» գործարք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կշարունակվի, եթե վերջինս խոստանա ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարել:

«Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք շատ արժեքավո, հազվագյուտ հողեր ունեն: Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակներում նրանք կապահովեն այն, ինչ մենք տալիս ենք իրենց՝ հազվագյուտ մետաղներ և այլ նյութեր», - ասել է նա։

Ճշտող հարցին, թե արդյոք Թրամփը ցանկանում է, որ Կիևը ռեսուրսներ մատակարարի Վաշինգտոնին, նախագահը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ ցանկանում է երաշխիքներ ունենալ հազվագյուտ մետաղների մատակարարումների հարցում: Նա պնդել է, որ Ուկրաինան արդեն պատրաստ է դրան։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Կիևը «փոխհատուցի Վաշինգտոնին ցուցաբերված գրեթե 300 մլրդ դոլար աջակցության դիմաց»:

Ըստ Reuters-ի՝ նախագահի խոսքից պարզ չի դառնում, թե «հազվագյուտ հողեր» ասելով՝ նա նկատի է ունեցել կարևոր օգտակար հանածոնե՞րը, թե՞ պարզապես խոսքը հենց «հազվագյուտ հողերի» մասին է։

Հազվագյուտ հողերը 17 մետաղից բաղկացած խումբ են, որոնք օգտագործվում են մագնիսներ պատրաստելու համար, կիրառվում են էլեկտրական մեքենաների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի մեջ: Հայտնի է, որ սրանց փոխարինիչներ չկան:

Նշենք, որ Չինաստանը հազվագյուտ հողերի և շատ այլ կարևոր օգտակար հանածոների աշխարհի ամենամեծ արտադրողն է: