Միջազգային

Վրաստանի փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր և պայմանավորվել հետագա համագործակցության շուրջ։

«Հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանում, ինչպես նաև ընդհանրապես աշխարհում ընթացող գործընթացները։ Ուշադրություն է դարձվել նաև երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության հարցերին։ Առաջիկայում երկու երկրների խորհրդարաններում կստեղծվեն բարեկամության խմբեր, և հուսով եմ, որ խորհրդարանների միջև համագործակցությունն էլ ավելի կակտիվանա։ Բացի այդ, ես շնորհակալություն հայտնեցի դեսպանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում վերջին նիստերում հայկական պատվիրակության ցուցաբերած աջակցության համար՝ Վրաստանի դիրքորոշումը կիսելու և աջակցելու համար», – հանդիպումից հետո ասել է Գիորգի Վոլսկին։