ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով, որի ընթացքում երկու կողմն էլ պետք է զիջումների գնան:
Այս մասին նա հայտարարել է Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
«Այն, ինչ արեց Պուտինը, սարսափելի էր։ Ներխուժում այլ երկիր, վայրագություններ․․․ սարսափելի բաներ է արել», - ասել է Ռուբիոն։
Սակայն նա նշել է, որ ի սկզբանե «անազնիվ» է եղել, որ ամերիկյան վարչակազմը ստիպել է մարդկանց հավատալ, թե Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին: Այս կապակցությամբ Ռուբիոն քննադատել Է Ուկրաինային աջակցելու նախորդ մոտեցումը՝ այն անվանելով «ձգձգվող փակուղու» ֆինանսավորում, որն ավելի մեծ տառապանքների է հանգեցրել:
Նա նշել է, որ դա «100 տարով հետ է մղում Ուկրաինան», քանի որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը քայքայվում է, և շատ ուկրաինացիներ մեկնում և բնակություն են հաստատում արտերկրում:
«Սա նրանց ապագան է, և այս առումով այն վտանգված է։ Մենք ստիպել ենք մարդկանց հավատալ, որ Ուկրաինան կարող է ոչնչացնել Ռուսաստանը և դուրս մղել նրան իր տարածքից, բայց Ուկրաինան հարյուր տարով հետ է շպրտվել։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով», - ընդգծել է նա: