Միջազգային

«Շատ կառուցողական աշխատանք է ընթանում». Օվերչուկը՝ Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպման մասին

«Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին և պատրաստ է կողմերի խնդրանքի դեպքում քարտեզագրական նյութեր տրամադրել»․ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ հիմնվելով նմանաբնույթ աշխատանքի իր մեծ փորձի վրա, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ:

«Ռուսաստանն ունի համապատասխան քարտեզագրական նյութ, որն անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել մասնակից կողմերի հարցումներով», - հավելել Է Օվերչուկը:

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «կառուցողական աշխատանք» է ընթանում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, որոնք նաև զբաղվում են սահմանային հարցերով, «ծանոթացել են եռակողմ հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ»․

«Ես գիտեմ, որ նրանց միջև լավ աշխատանքային շփում է հաստատվել, և դա արդեն շատ մեծ արդյունք է՝ հաշվի առնելով, որ այդ երկրների միջև դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, և խաղաղության պայմանագիր չի ստորագրվել», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը:

Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին՝ Օվերչուկը նշել է, որ ֆորմալ առումով այն ոչ ոք չի դադարեցրել։

«Պարբերաբար շփվում ենք, բայց ոչ թե եռակողմ ձևաչափով, այլ՝ դեմ առ դեմ», - պարզաբանել է նա: